Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին հունիսի 3-ին տեղի ունեցած սողանքի պահին տարածքում ոչ մի մեքենա չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Հորդառատ անձրեւների հետեւանքով քարաթափում էր տեղի ունեցել եւ քարաթափումը փակել էր միջպետական ճանապարհը: Դա երկու թունելների արանքի ճանապարհն է: Քարաթափման պատճառով խցանում էր առաջացել, տեխնիկան չէր կարողանում մոտենալ, որ մաքրի: Եվ Վանաձորի, եւ Ալավերդու կողմից տեխնիկան դուրս բերեց ճանապարհին մնացած մեքենաներն ու ժամը 23:00-ի սահմաններում արդեն երկկողմանի երթեւեկելի դարձավ այն»,- ասաց նա:
Մարզպետի խոսքով՝ նյութական ոչ մի վնաս քաղաքացիներին չի հասցվել. Այդ պահին տարածքում ոչ մի մեքենա չի եղել:
«Ճանապարհն էլ չի վնասվել, հնարավոր է՝ փոսային նորոգում լինի: Այս պահին ճանապարհը նորմալ աշխատում է»,- ավելացրեց Արթուր Նալբանդյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, հունիսի 3-ին, սողանք է տեղի ունեցել Լոռու մարզում, ինչի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել է, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեխակույտ ու քարեր են թափված, սակայն ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է։





























