Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը գովել էլ այդ երկրի նավթի ու գազի պաշարները:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Բաքվում «Կասպյան նավթ եւ գազ» 21-րդ միջազգային ցուցահանդեսի բացման առթիվ Ադրբեջանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումից հետո Ադրբեջանը համաշխարհային շուկայում նավթի հիմնական մատակարարներից մեկն է դարձել:

«Մենք ուշադիր հետեւում ենք Հարավային միջանցքի շինարարության ընթացքին, որի ավարտից հետո Ադրբեջանի Եվրոպայի ուղղությամբ գազի հիմնական մատակարարն է դառնալու», - հայտարարել է դեսպանը` շեշտելով, որ վերջին 20 տարիներին Միացյալ Նահանգները հետեւողական էներգետիկ քաղաքականություն են ուղղորդել տարածաշրջանում: «Մեր նպատակն, առաջին հերթին, էներգառեսուրսների մշակման հարցում աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի Ադրբեջանն անկախ եւ ուժեղ պետություն դառնա: Ուժեղ եւ կայուն Ադրբեջանը կարող է նշանակալի ներդրում ունենալ ինչպես տարածաշրջանի կայունության,  այնպես էլ տարածաշրջանային եւ եվրոպական մասշտաբներով էներգետիկ ապահովման գործում: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն իր ներդրումն ունենա համաշխարհային շուկաների ուղղությամբ էներգամատակարարումների դիվերսիֆիկացման գործում: Ինչպես գիտեք, վերջին 20 տարիների ընթացքում այդ ուղղությամբ նշանակալի առաջընթաց է գրանցվել: Ներկայումս ոչ ոք չի կարող աշխարհի էներգաապահովման գործում Ադրբեջանի ունեցած կարեւոր դերակատարումը կասկածի տակ առնել», - նշել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, էներգետիկ հսկաները մեկը մյուսի հետեւից լքում են Ադրբեջանը: Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները Անդադրիատիկ գազատարի նախագծից հրաժարվելու մտադրություն են հայտնել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ինչպես «Շահդենիզ», այնպես էլ «Դարի պայմանագիր» նախագծերում ունեցած իր մասնաբաժինը վաճառելու որոշման մասին է հայտարարելու նաեւ  նորվեգական Statoil ընկերությունը:

Այս ֆոնին դեսպանի` Ադրբեջանի` եվրոպական «գլխավոր գազամատակարար» դառնալու մասին հավաստիացումները բավականին տարօրինակ են հնչում: Իրադրությանն իրենց «համն ու հոտն» են տալիս կողմերի շարունակական բնույթ կրող եւ մտահոգության տեղիք տվող մեղադրական հայտարարությունները միմյանց հասցեին. մեկ դեսպանն է Ադրբեջանի իշխաննություններին քննադատում, մեկ էլ` Ադրբեջանի իշխանությունները` դեսպանին: