Վիկտոր Յանուկովիչն ու նրա որդիները դատական հայց են ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան՝ իրենց ակտիվների սառեցման առնչությամբ, հայտնում է EuObserver-ը:

Ըստ կլրատվամիջոցի՝ Յանուկովիչը, ով իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահ, եւ նրա որդիներ Վիկտորն եւ Ալեքսանդրը Եվրոպական դատարան հայց են ներկայացրել մայիսի 14-ին: Համանման գործողություններ են ձեռնարկել նաեւ պատժամիջոցների ենթարկված այլ պաշտոնյաներ: Օրինակ, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու նրա որդին դատական հայց են ներկայացրել մայիսի 12-ին, իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւը՝  մայիսի 15-ին:

Ըստ EuObserver-ի՝ ԵՄ-ի սեւ ցուցակի եւս չորս անդամներ դիմել են ԵՄ խորհուրդ՝ խնդրելով ապացույց ներկայացնել պետական միջոցներն ապօրինաբար յուրացնելու վերաբերյալ: Այդպիսով, մոտ ապագայում նրանք նույնպես կարող են դատարան դիմել:

Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ Ազարովը փորձում է դուրս մնալ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակից: Ըստ հրատարակչության՝ գերմանական Alber & Geiger փաստաբանական ընկերությունը ներկայացնում է երկու ուկրաինացիների շահերը, որոնք փորձում են հասնել ակտիվների ապասառեցման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հայցերը դիտարկում է ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի (COEST) աշխատանքային խումբը: Ըստ ԵՄ կանոնների՝ պատժամիջոցների ցուցակից դուրս մնալը պետք է հավանության արժանանա ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից, այդ որոշումն ավելի ուշ ամրագրվում է օրենքով: