Հանրապետական խմբակցությունը պատրաստ է քննարկել այն առաջարկները, որոնք ամրագրված են քառյակի' 12 կետից բաղկացած հայտարարության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ցանկացած առողջ առաջարկություն մենք պատրաստ ենք քննարկելու, ապագայում միտված լավագույն ծրագրերում ընդգրկելու: Երբ որ նրանք կլուսաբանեն, մենք միշտ պատրաստ ենք նրանց հետ նստել, քննարկել այդ պահանջները եւ իրենց բարձրացրած խնդիրներին լուծում տալ: Մենք միշտ ասել ենք, որ առողջ ընդդիմությունը միշտ զգոն է պահում իշխանությանը եւ նորից եմ ասում՝ մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,- ասաց նա:

Թե քառյակի ներկայացրած որ պահանջների հետ է իշխող կուսակցությունը համաձայն, Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց հայտնել՝ նշելով, թե ինքը կոռեկտ չի համարում այդ մասին խոսել, մինչեւ որ քառյակն ինքը հրապարակավ կներկայացնի դրանք:

Ամեն դեպքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասել էր, որ մի կետը վերաբերվում է 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելուն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ այս հարցն էլ պետք է քննարկվի, որից հետո միայն իրենք իրենց վերջնական դիրքորոշումը կհայտնեն. «Մենք մեր կարծիքն արդեն ասել ենք, որ մենք ոչինչ չենք բացառում, մենք այդ հարցը պետք է մանրակրկիտ եւ արդեն իրավիճակը պարզ կլինի: Կլինեն հանրային քննարկումներ, քննարկումներ կուսակցություններում, նաեւ ոչ խորհրդարանական ուժերի հետ: Մենք ամեն դեպքում քննարկումից չենք խուսափում»:

Այնուամենայնիվ, Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ համամասնական ընտրակարգին անցնելը ժամանակավրեպ է:

«Դեռ մեծամասնական գործընթացն արդարացնում է իրեն, պահպանում է կապը չինովնիկների եւ հասարակության միջեւ, նաեւ տեսնելով՝ մեծամասնական պատգամավորների աշխատանքը՝ ժամանակավրեպ եմ համարում դա: Սակայն քննարկումները ամեն ինչ ցույց կտան, թե ինչպիսի որոշում կկայացվի»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը 12 կետից բաղկացած հայտարարություն էր ընդունել, որը առաջիկա քառօրյային կներկայացնի իշխող քաղաքական մեծամասնությանը և կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր ներկայացնել պահանջները՝ նշելով միայն, որ մի կետը վերաբերվում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: