Ի նշանավորումն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Մոր եւ մանկան առողջության բարելավման ծրագիրը (ՆՕՎԱ 2) բացել է Մայրության նոր դպրոց Հրազդանի բժշկական կենտրոնում: Նոր դպրոցի բացումը կապված է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված ՆՕՎԱ ծրագրի հաջողությունների հետ, որը ստեղծել է մայրության 13 դպրոց Հայաստանի տարբեր շրջաններում 2008-2009թթ. ընթացքում: Ստեղծվելուց կարճ ժամանակ անց մայրության դպրոցները բավական հայտնի են դարձել ոչ միայն հղի կանանց շրջանում, ովքեր ցանկանում են տեղեկություններ իմանալ հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող հարցերի շուրջ, այլեւ բուժաշխատողների շրջանում, ովքեր մայրության դպրոցների միջոցով հնարավորություն ունեն ավելի լավ պատրաստել ապագա մայրերին ծննդաբերության եւ նորածնի խնամքի համար:
ՀՀ կառավարության հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված հղի կանանց համար նախատեսված անվճար հինգ դասերի միջոցով մայրության դպրոցը տրամադրում է կանանց խորհրդատվություն, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանը, տեղեկություններ ծննդաբերության ընթացքի, հղիության ընթացքում առողջ ապրելակերպի կարեւորության եւ հետծննդյան շրջանի վերաբերյալ: Նաեւ խրախուսվում է ապագա հայրերի մասնակցությունը` հղիության եւ ծննդաբերության վերաբերյալ ընդհանուր գաղափար կազմելու եւ կնոջն աջակցելու նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ/ՆՕՎԱ 2-ն աջակցում է ՀՀ կառավարությանը մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունների, վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի բարելավման աշխատանքներում` բուժաշխատողների վերապատրաստման, բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման, որակի ապահովման համակարգի ամրապնդման, կառավարման եւ վերահսկման ընդհանուր համակարգի բարելավման միջոցով, ինչպես նաեւ համախմբելով եւ կրթելով համայնքները, կանխարգելման եւ բուժծառայությունների դիմելու վարքագծի ձեւավորման նպատակով: Ծրագրի աշխատանքները միաժամանակ ընթանում են համայնքային եւ բուժծառայությունների տրամադրման մակարդակներում` նպատակ ունենալով բարելավել բուժծառայությունների որակն ու հասանելիությունը եւ ապահովել բարելավումների կայունությունը: Ծրագիրն աշխատում է Իջեւանի, Ստեփանավանի, Մարտունու, Հրազդանի եւ Ախուրյանի շրջաններում:


























