Հայաստանի նախագահի նստավայրում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետեւ մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ եւ վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության նախագահը ու միաժամանակ նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը:
«Մենք մեծ հաճույքով եւ պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եւ սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին եւ լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, եւ դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու եւ երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, եւ դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, եւ դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-ասել է Դիդիե Բուրկհալտերը:
Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձեւաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:































