Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս: Այս մասին ի պատասխան Yerkir.am-ի, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մայիսի 29-ին, Աստանայում Նազարբաեւի հայտարարությանն ու դրան Սերժ Սարգսյանի պատասխանին:
«Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը»,-ասել է Սողոմոնյանը::
Հիշեցնենք, Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր պարունակում՝ Հայաստանը Եվրասիական միութունում ընդգրկել միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, այսինքն առանց Ղարաբաղի:
Սերժ Սարգսյանը այս հայտարարությանը պատասխանել էր արդեն Հայաստանում, որտեղ նշել էր հետեւյալը. «Ինչ վերաբերում է Նազարբաեւի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»:




























