ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների կողմից ահաբեկչական հայտարարված «Ալ-Նուսրա»-ն Թուրքիայում նախարարների խորհրդի որոշմաբ ընդգրկվել է ահաբեկչական կառույցների շարքը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf պարբերականը, Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող Resmi Gazete-ում հրապարակվել է նախարարների խորհրդի որոշումը, որով ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ավելացվել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորմանը։
Որոշման մեջ նշվել է, թե այսուհետ եթե Թուրքիայում հաստատվի «Ալ-Նուսրա» խմբավորմանը պատկանող գումար կամ գույք, այն անմիջապես սառեցվելու է կամ կալանվելու, սակայն «Ալ-Նուսրա»-ն ունենալու է այդ որոշումները բողոքարկելու իրավունք։
Թուրք նախկին դիվանագետ Թեմել Իսքիթը նշել է, թե նախկինում Թուրքիայի իշխանություններն աջակցում էին Ասադի դեմ կռվող բոլոր կառույցներին, սակայն հետագայում հասկացան, որ այդ ծայրահեղական մուսուլմանների հետ մտերմությանը աշխարհը լավ չի նայում եւ այդ խմբավորումները ազատորեն ելումուտ են անում Թուրքիա եւ անհանգստություն ստեղծում բնակչության շրջանում։
Նշենք, որ թե միջազգային, թե թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Թուրքիան մշտապես զենքով եւ ֆինանսական միջոցներով աջակցել է «Ալ-Նուսրա» խմբավորմանը, որը հայտնի է Սիրիայում կատարած իր անմարդկային գործողություններով։



























