Եթե այսօր Հայաստանում տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը, ապա պատմությունը հանրապետական կուսակցությանը չի ներելու, բոլորն ի վերջո մի օր պատասխան են տալու: Այս մասին այսօր` հունիսի չորսին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով խորհրդային գործչի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու մասին Երեւանի ավագանու կայացրած որոշմանը:

«Պատմությունը չի ներելու իշխանություններին, եթե դրվի Անաստաս Միկոյանի արձանը: Բոլորը մի օր ի վերջո պատասխան են տալու: Հանուն ինչի՞ են տեղադրում Անաստաս Միկոյանի արձանը: Այո, հնարավոր է` կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը: Ինչո՞ւ ենք շուռումուռ տալիս այդ մարդուն: Թող իր գերեզմանում հանգիստ պառկի: Դե բերեք բոլոր հրեշների արձանները տեղադրեք Երեւանում»,- ասաց նա:

Հանդիպմանը հրավիրված Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ Միկոյանի արձանի մասին խոսելու փոխարեն, սկսեց ներկայացնել, թե վերջին քսան տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել Հայաստանում` ի սկզբանե Անահիտ Բախշյանին ասելով «եթե ընդհատեք, կթողնեմ կգնամ»:

«Մեր երկրում կատարված իրադարձությունները ահավոր բան էր վերջին քսան տարում, օրինակներ կարող եմ բերել, սակայն դրանցով այսօր չենք զբաղվում: Հիսուն տարի հետո այսօրվա մասին կխոսենք: Տեսեք` ինչ է կատարվում: Մեր էսօրվա քաղաքապետի նախաձեռնությամբ սկզբում Ավանում մանկապարտեզները դարձրեց անվճար: Երբ որ ինքը դարձավ քաղաքապետ, ես խոսեցի նրա հետ, ինքն ասաց, որ թաղամասում սկզբում դժվար էր, չէին հասկանում մարդիկ, բայց հետո հասկացան: Ես էլ առաջարկեցի ամբողջ Երեւանում դա անել: Ու ինքը տղավարի արեց դա: Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս: Էն քանակի մանկապարտեզները, որ սովետի ժամանակ կային, հիմա խնդիր չէինք ունենա: Եկեք այսօր հասկանանք, թե ովքեր գնեցին այդ մանկապարտեզները: Թող էսօր ժեստ անեն եւ վերադարձնեն քաղաքին: Լուրջ քաղաքական սպանություններ եղան վերջին քսան տարում: Ո՞ւմ էր պետք դա: Ինչո՞ւ չենք դրանով զբաղվում: Այսօր մեր հասարակությունը շատ քիչ է կարդում, գրադարանները ծախեցին: Վեր հանեք էդ բաները»,- ասաց նա` այդպես էլ չնշելով, թե ինքն ինչու է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը:

Լրագրողների հարցին, թե այնուամենայնիվ ինչ է արել Անաստաս Միկոյանը Հայաստանի համար` ճարտարապետը նորից սկսեց ինչ-որ անհասկանալի մտքեր արտահայտել` անընդհատ ընդգծելով, թե դա իր կարծիքն է, ինքը դա ոչ մեկին չի պարտադրում:

«Մինչեւ որ չկար արձանը, ես իմ տարբերակն առաջարկեցի, որը չանցավ իհարկե: Ես ցանկանում եմ, որ այդ ժամանակի արձանը տեղադրվի, գեղագիտորեն լինի, բայց չեղավ այդպես: Չեմ ասում, որ բեղերով, խալով արձան լինի, այլ տվյալ ժամանակին խորհրդանշող»,- ավելացրեց Իգիթյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանին Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումը կայացրել է ապրիլի քսանին: Արդեն ավելի քան մեկ ամիս հասարակությունն ու հասարակական գործիչները քննարկում են` արդյոք արձանի տեղադրումը տեղին է, թե ոչ: