Ներկա դրությամբ չկա այնպիսի մի հարց, որի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի Իրանի հետ համագործակցության զարգացումը, իսկ Ռուսաստանի համար դա մահացու վտանգ է նշանակում: «Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի, իսկ Ռուսաստանի` հայաստանյան շահերի համար դա եւս մահացու վտանգ է ներկայացնում: Հայաստանին ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորում է հարկավոր, իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է` թշնամանքը մեծացնելու համար: Հայաստանն արտագաղթը կանգնեցնելու խնդիր ունի, իսկ Ռուսաստանն ամեն կերպ խրախուսում է այն», - նկատել է Ռուբեն Մեհրաբյանը` հավելելով, որ Հայաստանին ձեռնտու չէ նաեւ, որ Ադրբեջանը նոր զենք գնելու հնարավորություն ունենա, իսկ Ռուսաստանն այդ երկրին զենք է վաճառում:

Փորձագետի համոզմամբ, Հայաստանի ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը «պուտինյան Ռուսաստանն է»: