Հյուսիսային Իրաքի՝ Քուրդիստանի ինքնավար հանրապետության հետ միասին տեղի նավթն առանց Բաղդադի համաձայնության Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ տեղափոխած թուրքական իշխանությունները խնդրի առաջ են կանգնել, քանի որ արդեն 1 մլն բարել նավթով ծով դուրս եկած նավն առանց գնորդների թափառում է։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանից 2,5 մլն բարե նավթ պահեստավորած Թուրքիան արդեն խնդրի առաջ է կանգնել։ Ջեյհանի նավահանգստից 1 մլն բարել նավթով նավը շրջում է Միջերկրական ծովում եւ անընդհատ փոխում ուղղությունը՝ չգտնելով գնորդներ։
Նշվում է, որ նավում գտնվում է 110 մլն դոլարի նավթ, սակայն նավթի տերերն ու թուրքական իշխանությունները որոշել են իջեցնել նավթի գինը՝ այն արագ վաճառելու համար։
Նավթի չվաճառվելու պատճառը հանդիսանում է Բաղդադը, քանի որ վարչապետ Նուրի ալ-Մալիքին նշել է, թե այդ նավթը Իրաքից դուրս է եկել առանց թույլտվության եւ այն գնել փորձող ցանկացած երկրի կամ կազմակերպության դեմ դատական գործընթաց է սկսվելու։
Իրաքի վարչապետը դատապարտել է Հյուսիսային Իրաքի նավթն առանց Բաղդադի թույլտվության վաճառելու Թուրքիայի միջնորդական քայլերը։



























