Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննադատում է իր խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի պահվածքը՝ լրագրողների հետ շփվելիս, միեւնույն ժամանակ ընդգծում, որ «յուրաքանչյուրն էլ սովորական մահկանացու է եւ կարող է ինչ-որ սահմանների անցում ունենալ»:
«Մենք քննադատում ենք: Ես խոսել եմ որոշ լրագրողների հետ: Աշխարհի բոլոր երկրներում նման միջադեպեր լինում են: Ես քննադատում եմ Առաքել Մովսիսյանին, բայց նաեւ պետք է ասեմ, որ լրագրողը պետք է իր լրատվական դաշտում մնա, լինում են դեպքեր, որ հասցնում են դրան: Սակայն եթե քաղաքական գործիչը զգոն է, ապա կարող է դրան չհասցնել, անկեղծ ասած: Յուրաքանչյուրն՝ պատգամավոր, կամ լրագրող, սովորական մահկանացու է, եւ կարող է ինչ-որ սահմանների անցում ունենալ»,- NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրագրողների նկատմամբ էթիկայի կանոնները խախտած Շմայսին:
Ամեն դեպքում ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավարն ամեն ինչ անելու է՝ նման միջադեպերից խուսափելու համար, միեւնույն ժամանակ շեշտելով, որ խորհրդարանում այսօր հայհոյանքներով եւ վիրավորանքներով խոսում են ավելի շատ ընդդիմադիր պատգամավորները: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն էլ կարող է դիմել էթիկայի հանձնաժողով, սակայն դա չի անում, որովհետեւ բանակցությունների կողմնակից է:
«Եթե դուք ուշադրություն դարձրել եք, որեւէ անգամ մեր կողմից վիրավորանքների սկիզբը չի դրվել: Եվ եթե ընդդիմությանը ձեռք է տալիս, որ հրահրեն վիրավորանքներ հասցնելուն, որ բնականոն աշխատանքը խաթարեն, որին ես կողմնակից չեմ, ես որպես խմբակցության ղեկավար, պետք է փորձեմ բանակցային ճանապարհով հարցեր քննարկել այլ ուժերի հետ, որպեսզի ձեռնպահ մնանք նման վիրավորանքներից: Սկզբում ժողովրդին դուր էր գալիս խորհրդարանի ամբիոնից հայհոյանքներ լսել, բայց արդեն հոգնել են»,- ավելացրեց խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ում հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, 2013-ի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ եւ պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»: Լրագրողները դիմել էին Էթիկայի հանձնաժողովին, որն էլ հունիսի 2-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները:




























