Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է եւ ուղեւորների թվի, եւ չվերթերի թվի կանոնավոր աճ:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Եթե 2013թ մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղեւոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղեւոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղեւորների թիվը 2013թ.  մայիսին Ուղեւորների թիվը 2014թ.  մայիսին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող    58 571      78 982         + 34.8 %

Մեկնող        66 692      92 449         + 38.6 %

Ընդամենը   125 263    171 431       + 36.9 %

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղեւորների համար: