Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ կատարվող հետաքննությունը ավարտվել է, քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել քաղաքում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել այնհայտ ուղղությամբ:

Ականատեսները NEWS.am-ին պատմել էին, որ Գոռ եւ Արթուր Հարությունյանները ծանր վնասվածքներ են ունեցել, նրանց ընտանիքի անդամներին Էյներ Խաչատրյանը թույլ չէր տվել շտապօգնություն կանչել, տղաներին նստեցրել է իր մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ: Թե որն է եղել վեճի պատճառը՝ մեզ դեռ չի հաջողվել պարզել:

Մայիսի 26-ին Էյներ Խաչատրյանը եւ իր կողմից ծեծի ենթարկված Գոռ Հարությունյանը, ավելի ուշ նաեւ Գոռի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը ներկայացել էին Ոստիկանության Գորիսի բաժին: Նրանք բացատրություններ էին տվել, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, կատարվում էր հետաքննություն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ Գոռ Հարությունյանի վրա քերծվածքներ չկան: Այդ պատճառով էլ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում: