Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը. նրան Հայաստան են տեղափոխում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության կայքից:

«Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:

Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: