«Հասարակական ճանաչում» ազգային հիմնադրամը Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին Բարիության շքանշանով պարգեւատրելու մասին որոշում է կայացրել: ՌԻԱ-Նովոստի գործակալության վկայակոչմամբ, հիշյալ տեղեկությունը հանրապետության ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունն է հաղորդել:

«Կադիրովը բարիության եւ մարդասիրության, ինչպես նաեւ հայրենիքի զոհված պաշտպանների այրիներին ու կանանց, Հայրենական պատերազմի եւ այլ մարտական գործողությունների վետերանների նկատմամբ արդյունավետ եւ թիրախավորված սոցիալական ու հոգեւոր աջակցություն ցուցաբերելու համար է պարգեւատրվել:

Արդեն երկար տարիներ հիմնադրամն արձանագրում է այն մարդկանց կողմից իրականացվող աշխատանքները, որոնք, կյանքն ու առողջությունը վտանգելով, պայքար են մղում կարգուկանոնի հաստատման եւ ահաբեկչության ու հանցագործությունների վերացման համար: Այցի հիմնական նպատակը Չեչնիայի հանրապետության ներքին գործերի մարմինների աշխատակիցների եւ վետերանների մատուցած ծառայությունների գնահատումը եւ քաղաքացիական բարձր պարգեւների հանձնումն է» - ասվում է հաղորդագրության մեջ:

Կադիրովին պարգեւատրած հիմնադրամը, կազմակերպության կայքի հաղորդմամբ, երկրում ժողովրդավարական փոխակերպումներ իրականացնելու, ինչպես նաեւ ազգային տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի զարգացմանը զարկ տալու նպատակով է ստեղծվել: