Երեւանը բոլոր երեւանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Երեւանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ:  

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքին, պատասխանատուներից բացի, տեղում հետեւում են նաեւ շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ անհատներ: 

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ստուգայցերի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ եւ կարճ ժամկետում կատարվում են անհրաժեշտ շտկումներ:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված չափորոշիչներին եւ հնարավորություն են տալիս առանց որեւէ մեկի օգնության հեշտությամբ տեղաշարժվել: