NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է Կոլումբիայի համալսարանի Հարրիմանի ինստիտուտի ասպիրանտ Քեյսի Միշելի` «The Diplomat» պարբերականում հիշյալ վերտառությամբ հրապարակված հոդվածը:
Նախորդ հինգշաբթի օրը Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները հանդիպում կազմակերպեցին Աստանայում` Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը մկրտելու նպատակով: ԵՏՄ հիմնադիր փաստաթղթերի ստորագրումը հետխորհրդային հանրապետություններին լավ ծանոթ ճոռոմ արարողություններով ուղեկցվեց: Սակայն այնտեղ, որտեղ հռետորաբանությամբ համընդհանուր կոմպլեմենտար ճակատի գաղափարն է թեւածում, թվերն ու հետագծերն անհամեմատ ավելի մռայլ եւ լարված կանխատեսումներ են անում ԵՏՄ ապագայի վերաբերյալ:
Առավել ակնհայտ են Ղազախստանի եւ Ռուսաստանի` 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող միության ներուժի վերաբերյալ պատերացնումների միջեւ հակասությունները: Մինչ Պուտինն ու իր Դուման ցանկանում են ԵՏՄ խորհրդարան, համընդհանուր անձնագրային ծառայություն եւ միասնական փոխարժեք տեսնել, Աստանան անդրդվելի է մնում կազմակերպությունը զուտ տնտեսական միության գործառույթներով աշխատեցնելու իր ցանկության մեջ: Ղազախստանի` ԵՏՄ հետեւանքները սահմանափակելու վճռականության լավագույն ապացույցը թերեւս այն է, որ պայմանագրի վերջնական` ստորագրման դրված տեքստը նախապես առաջարկված տարբերակի երրորդ մասն անգամ չէր կազմում. այս երկիրը մշտապես պարծենում է, թե ի վիճակի է դիմակայել քաղաքական միավորման փորձերին:
Ստորագրմանը նախընթաց` Ղազախստանի ինքնիշխանության պահպանման շեշտադրմամբ անհամաձայնությունները Ղրիմի` Ռուսաստանին միակցումից հետո էլ ավելի էին խորացել: ԵՏՄ-ն Ղազախստանում աննախադեպ չափերի հասնող ազգայնական բողոքի ալիք էր բարձրացրել, որի շրջանակում տնտեսական հեռանկարների եւ Ռուսաստանի հարաճուն կայսերական նկրտումների հետ անհամաձայնություններ էին հնչեցվում: Հարցը միայն այն չէ, որ ղազախստանցիները արդարացիորեն տարածքային կորուստներից են վախենում: ԵՏՄ-ն, որի գլխավոր նպատակը արտաքին շուկայի համար բարձր մաքսատուրքերի սահմանումն ու ներքին առեւտրի խթանումն է, ներկայիս անդամ-երկրների համար մինչ այժմ ոչ մի կենսունակ տնտեսական շահ չի ներկայացրել: Եվ այդ տենդենցը, ինտեգրման գործընթացի խորացմանը զուգահեռ, ամենայն հավանականությամբ, արագացման միտում ունի:
Ինքնիշխանությանը եւ տնտեսական հեռանկարներին վերաբերող մտահոգությունները Ղազախստանով չեն սահմանափակվում: Միության հավանական անդամ համարվող Ղրղըզստանում ինտեգրման գործընթացը դանդաղեցնելու բազմաթիվ դեպքեր են նկատվել: Նույն կերպ էլ Հայաստանը, չնայած Մոսկվայի տնտեսական աջակցության ծավալներից կախյալ վիճակին, երկրի ներսում նշանակալի խոչընդոտների է հանդիպել: Եվ որ ամենազարմանալին է` հիմնադիր փաստաթղթի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը պահանջեց, որ Հայաստանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով ԵՏՄ մտնի, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի: Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարությանը հետեւյալ կերպ է հակադարձել. «Ռուսաստանը կարող է ոչ մի պետության կողմից չճանաչված Ղրիմի հետ միասին Եվրասիական միություն մտնել, իսկ Հայաստանը պետք է միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններո՞վ մտնի»:
Ուժեղացող ազգայնականություն, դանդաղաշարժ եւ անկայուն տնտեսություններ. այս բաղադրիչներն էլ բավական են` ԵՏՄ ներուժից սպասելիքները մեղմելու համար: Սակայն, թվարկածներից բացի, եւս երկու գործոններ կան, որոնք միության հեռանկարները բոլորովին էլ գունեղ չեն դարձնում: Առաջինը Չինաստանի ներկայությունն է եւ Պեկինի` «Երթ դեպի Արեւմուտք» ռազմավարության շրջանակում գրանցած հաջողությունները: Այս երկիրը ԵՏՄ-ի մասին ոչինչ չի խոսում, եւ այդ լռությունն առնվազն ուշադրության կարիք ունի: Եթե միության սոցիալիստ հարեւաններին հաջողվի հավելյալ գեոքաղաքական դերակատարումներ ստանձնել Միջին Ասիայում, հենց Ուկրաինայի դիրքորոշումն է, որ վերջանական ու մահացու հարված է հասցնելու Պուտինի երազանքի «բեւեռը» կառուցելու բոլոր փորձերին:





























