ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը այսօր՝ հունիսի 4-ին, անփոփոխ թողեց  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Կոմիտաս 5 հասցեից նախորդ տարվա օգոստոսի 24-ին Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ։

Գործով քննիչ Լեւոն Մելքոնյանն ու դատախազ Արթուր Երիցյանը դատարանում պնդեցին, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ այն անհիմն է:

Կիվիրյանի փաստաբաններն ասացին, որ վարույթն իրականացնող մարմինն ամբողջությամբ չի քննել գործում առկա փաստերը, որոնք միայն բավարար էին ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու համար. չի քննվել տեսանյութը, որտեղ ոստիկանության աշխատակից Վահան Վրթանեսյանը Կիվիրյանի վրա է հարձակվում, հայհոյում նրան, ասում՝ գլուխդ կառնեմ ոտքերիս տակ:  Քննիչը պնդեց, որ ինքը հետազոտել է տեսանյութը, և այնտեղ հանցակազմի տարրեր չի հայտնաբերել, քանի որ ոստիկանը Կիվիրյանին միայն կեղտ ու տականք է անվանել՝ բարկացած լինելու պատճառով: Բացի այդ, նա նշեց, որ ինքը նպատակահարմար չի գտել նույն դեպքի առթիվ եւս մեկ քրեական գործ հարուցելը:

Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ քննիչի պնդումները սխալ են, քանի որ խոսքը ոչ թե ուղղակի քաղաքացու, այլ ոստիականի մասին է, որն այդ ամենն ասել է՝ պաշտոնական լիազորությունները կատարելու ժամանակ:

«Ես շոկի մեջ եմ: Քննիչն էլ հավաքել է ապացույցներ, որոնցով հիմնավորվել է, որ մեքենայի մեջ կա Կիվիրյանի արյունը: Եթե անձը ոստիկանության մեքենա է նստել առանց մարմնական վնասվածքների, հետո դուրս է եկել բազմաթիվ մարմնական վնասվածքներով,  արդեն իսկ պետք է հարուցվի քրեական գործ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ քննիչը Կիվիրյանի դեմ է քրեական գործ հարուցել՝ հիմնվելով միայն ոստիկանական մեքենայի մեջ եղած ոստիկանների ցուցմունքների վրա:

Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ դատարանի նման որոշման պատճառն այն է, որ ցանկանում են ամեն կերպ մեղադրական եզրակացություն ապահովել իր դեմ հարուցված քրեական գործով:

«Քննիչի ու դատախազի փաստարկներն անհիմն էին, նրանք չկարողացան որևէ ձևով հերքել մեր բողոքը: Եթե համադրենք մեր բողոքն ու իրենց ներկայացրած փաստարկները, ապա կարելի է ընդամենը ծիծաղել այդ փաստարկների վրա: Այնտեղ որևէ իրավական հիմնավորում չկար: Դրանցից միայն երևաց մի բան, որ ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը զբաղված են եղել ոչ թե արդարադատություն իրականացնելով, այլ զբաղված են եղել ընդամենը իմ դեմ գործ սարքելով: Այդ պրոցեսին միացել են նաև առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ դատարանը»,-նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 06.11.2013 ՀՀ ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել նախորդ տարվա օգոստոսի 24-ին Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համարելով, որ նրանց գործողություններում առկա չէ հանցակազմը: Ըստ նախաքննական մարմնի՝ Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկանները, այլ Ա.Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում: Այդ որոշման դեմ Արգիշտի Կիվիրյանի բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց: Կիվիրյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր դատարանի այդ որոշումը:

Նշենք, որ նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որը դատաքննության փուլում է: Վկայություն են տվել ոստիկան վկաները, որոնք դեպքի մանրամասների վերաբերյալ հակասական ցուցմունքներ են տվել: