Ամերիկայում Հայ դատի գրասենյակը շարունակում է կոչ անել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ուղիղ պատասխաններ տալ մարտի 21-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջանում ծայրահեղականների հարձակման մեջ Թուրքիայի ունեցած դերի վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Պետդեպարտամենտի հետ նամակներ փոխանակելիս ԱՀԴԳ նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ ամերիկահայերին շարունակում է մտահոգել այն, որ վարչակազմը շարունակում է խուսափել հարցին պատասխան տալուց. «Արդյո՞ք ԱՄՆ-ի կառավարությունը ճիշտ է համարում, որ Թուրքիայի Հանրապետությունն օգնել է, հրահրել է, նպաստել է կամ որեւէ այլ կերպ մասնակցել է Քեսաբի վրա մարտի 21-ին տեղի ունեցած հարձակմանը»:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին ուղղված նամակներից մեկում նշվում է. «Եթե մեր կառավարության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հաստատվել է, որ Թուրքիան այդ հարձակման գործում որեւէ դեր չի ունեցել, ապա վարչակազմը պետք է հրապարակի դա՝ մարտահրավեր նետելով լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններին Անկարայի մասնակցության վերաբերյալ: Իսկ եթե մեր կառավարության հետաքննությունը հաստատել է, որ Թուրքիան դեր է ունեցել, ապա վարչակազմը պետք է վճռականորեն եւ հրապարակայնորեն դեմ դուրս գա Թուրքիային՝ «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորման հետ դավարդության պատճառով»:





























