Երեւանի բնակիչ, 39-ամյա Հակոբ Մ.-ն մեղադրվում է կաշառք վերցնելու, իսկ 25-ամյա Դավիթ Գ.-ն՝ կաշառք տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարին: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մ.-ն ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող Դավիթ Գ.-ին բանակից ազատելու համար պահանջել եւ ստացել է 6000 ԱՄՆ դոլար:
Հակոբ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Դավիթ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Երկուսն էլ կալանավորված են:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:





























