Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը չի գնում պահանջվող զիջումների, եւ դա բարդացնում է բանակցային գործընթացը:

Այդ մասին ադրբեջանական «Թրենդին» հայտնել է ամերիկյան Belfer կենտրոնի գիտաշխատող Բրենդա Շաֆերը: Նա կարծում է, թե հայ եւ ադրբեջանցի մտավորականության երկկողմ այցելությունները կարեւոր են, բայց միաժամանակ շարքային քաղաքացիները չեն կարող լուծել հակամարտությունն՝ առանց գերտերությունների օգնության:

«Գերտերությունների շարքում ես նշում եմ այն երկրներին, որոնք ունեն իրենց հետաքրքրությունները տարածաշրջանում: Նրանք պետք է ճնշում բանեցնեն Հայաստանի վրա, բայց մինչ այժմ չեն անում դա»,- նշել է գիտաշխատողը եւ հավելել, թե «ցավոք միջազգային հանրությունը անպատասխանատու դիրքորոշում է որդեգրել „սառեցված հակամարտության“ նկատմամբ»:

«Այժմ այդ գերտերությունները փորձում են պատրանք ստեղծել, թե ակտիվորեն մասնակցում են գործընթացին, բայց դա ճիշտ չէ»,- նշել է Շաֆերը եւ հավելել. «Պատասխատավության բեռը բարդելով հակամարտող կողմերի վրա, գերտերություններն ավելի են արգելակում բանակցային գործընթացը»: Որպես օրինակ Շաֆերը բերել է Ռուսաստանին, որը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց չի անում: