Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  ուշ երեկոյան ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում կոչ է արել պահպանել փամփուշտները բանակի համար, որը շարունակում է կռիվը զինյալների հետ երկրում անվտանգության եւ կայունության վերականգնման նպատակով: Այսպիսին էր նրա արձագանքը ամբողջ երկրով մեկ օդում տոնական կրակոցների նկատմամբ Պետական հեռուստատեսությամբ նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո:

Վերջնական պաշտոնական արդյունքները հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մուհամադ Լյահամը: Սիրիայի գործող նախագահը, Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության տարածքային բաժանմունքի ղեկավար Բաշար Ասադը հավաքել է 10 մլն 319 հազար 723 ձայն, ինչը կազմում է ընդհանուր ձայների 88,7%-ը: Այսպիսով, Ասադը համոզիչ հաղթանակ է տարել արդեն իսկ առաջին փուլում:

Ձայների քանակով երկրորդը նախկին նախարարներից Հասանր Նուրին էր, որի օգտին քվեարկել են ընտրողների 4.3%-ը: Կոմունիստ Մախեր Հաջարին աջակցել է ընտրողների 3.2%-ը: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 11 մլն 634 հազար 412 ընտրողներ՝ ընտրական իրավունք ունեցողների 73%-ը:

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Հալեպում, որտեղ 2.5 միլիոն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է մոտ 900 հազար մարդ: Այդ քաղաքում արդեն երկար ժամանակ շարունակվում են ռազմական գործողությունները, որի զգալի մասը վերահսկում են ընդդիմության զինյալները: