Ականապատված ավտոմեքենան պայթել է Իրաքի կենտրոնում գտնվող Հիլ քաղաքի հոսպիտալներից մեկի մոտակայքում, զոհվել է 8 մարդ, եւս 58-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Պայթունը տեղի է ունեցել երեկ երեկոյան հոսպիտալի գլխավոր դարպասներից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա գտնվող սրճարանի մոտ: Պայթյունի պահին այնտեղ են գտնվել հիվանդների բարեկամները:

«Ես մոտեցա սրճարանին, հոսպիտալում գտնվող հորեղբորս համար ինչ-որ բան գնելու համար, երբ նկատեցի մեծ հրե գունդ», - գործակալությանը պատմել է  ականատեսներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկա պահին խմբավորումներից եւ ոչ մեկը իր վրա չի  վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն ոստիկանները գտնում են, որ պայթյունի մեղավորները «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) ծայրահեղական խմբավորման անդամներն են, որի զինյալները պատերազմում են գլխավորապես Սիրիայում: