Բուենոս Այրեսի արվարձանում թմրավաճառները թմրանյութերի պահեստի «պահակ» են նշանակել խոշոր անակոնդային: Ձերբակալության ժամանակ օձի չեզոքացման համար ոստիկանները ստիպված են եղել կանչել կենսաբանների, հայտնում է  Infobae կայքը:

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքից արեւմուտք գտնվող Գոնսալես Կատան բնակավայրում: Իրավապահները տեղեկություն են ստացել, որ տներից մեկում պահվում է Պարագվայից բերված մարիխուանա եւ կոկային:

«Տուն մտնելով տեսանք հսկա անակոնդային, որը քնած էր թմրանյութերի պարկերի վրա: Դրանք առգրավելու համար ստիպված էինք մասնագետների հրավիրել»,- գործողությա մասնակիցներից մեկի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Երբ կենսաբաններն անակոնդային տեղավորել են հատուկ վանդակում, ոստիկաններն առգրավել են մոտ 6 կգ մարիխուանա, կես  կգ կոկային, հրազեն եւ կանխիկ գումար:

Ոստիկանությունը ձերբակալել է տանտերերին, իսկ անակոնդային հանձնել մասնագետների տնօրինությանը: