Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 3-ին 4-ամյա աղջնակի մահվան պատճառը ջրծաղիկից առաջացած բարդությունն է եղել՝ ուղեղի այտուցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, որը հունիսի 4-ին մի խումբ մասնագետների հետ մեկնել էր Վանաձոր՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու:
«Երեկ ամբողջ օրն այնտեղ ենք եղել, հանդիպել եմ բոլոր մասնագետների հետ, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են երեխայի հետ՝ շտապօգնության բժշկի, տեղամասին պոլիկլինիկայի բժշկուհուն, բուժող բժշկին: Երեխան ջրծաղիկ է ունեցել, դա հաստատ է, մահվան պատճառն էլ էնցեֆալիտն է եղել, ուղեղի այտուցն ավելի կոնկրետ: Բայց թե ինչու է հիվանդությունն այսպիսի ընթացք ունեցել, դեռ պարզ չէ, պետք է ուսումնասիրել»,- ասաց նա:
Հայաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ վերջին երկու տարիներին ջրծաղիկ հիվանդությունն ագրեսիվացել է, կան արդեն մահվան 5-6 դեպք: Արա Ասոյանը հիշեցնում է երկու տարի առաջ բանակում մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի դեպքը:
«Բժշկական սխալի մասին խոսելն իսկ ավելորդ է: Մնացածի վերաբերյալ ավելի հստակ կխոսենք, երբ կունենանք եզրակացությունը»,- ավելացրեց նա:
Նշենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ քննություն է ընթանում: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ չեն հարցաքննվել, սակայն սպասում են դրան:
«Իհարկե, մեզ կանչելու են հարցաքննության, բայց մենք հանգիստ ենք, որովհետեւ Երեւանից ժամանած մասնագետների խմբի որոշման մեջ բժշկական սխալ չի հայտնաբերվել, այսքանը մեզ բավարարում է՝ որպես բժիշկներ»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 3-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է չորս տարեկան աղջիկ երեխա: Նա հունիսի 1-ին հիվանդանոց էր տեղափոխվել ջրծաղիկ ախտորոշմամբ:





























