Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը:
Կարեւորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առեւտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի եւ սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: «Խնդիրն այստեղ տեխնիկական բնույթ է կրում: Կարծում եմ՝ կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը եւ ճանապարհի լայնացումն այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Կցանկանայի տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին», - ընդգծել է վարչապետը:
Զրուցակիցների պայմանավորվածության համաձայն, Մաքսիմ Սոկոլովի առաջարկով՝ ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ: Այն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում, որից հետո էլ կհստակեցվեն հետագա անելիքները:





























