Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը երկու օր, սակայն քաղաքում նախընտրական տրամադրությունը պարզապես բացակայում է:
NEWS.am-ի հետ զրույցում գորիսեցիները պատմեցին, որ թեկնածուներից Հրայր Յոլյանը քարոզարշավ չի անցկացնում, ընտրողների հետ չի հանդիպում, իսկ ՀՀԿ-ական թեկնածու Վաչագան Ադունցը ամենուր գնում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ձեռքը բռնած»:
«Սուրիկ Խաչատրյանը Վաչոյին բերում է «ձեռքը բռնած», ոնց որ մանկապարտեզի երեխային, հետո ասում է՝ ինչ խոսի, ինչ չխոսի: Ամեն ինչ Սուրիկ Խաչատրյանն է որոշում, բայց դե մարդկանց հավատը կորել է, ոչ մեկին էլ ընտրությունները չեն հետաքրքրում, հատկապես որ Տիգրան Կարապետյանը թեկնածությունը հանեց: Ամենայն հավանականությամբ, գորիսեցիների մեծ մասն ընտրությունը կբոյկոտի եւ չի մասնակցի, կամ էլ քվեարթերթիկների վրա այնպիսի բաներ կգրի, որ դրանք անվավեր ճանաչվեն»,- ասաց նրանցից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:
Չնայած ընտրությունների նկատմամբ հետաքրքրության բացակայությանը՝ Վաչագան Ադունցի շտաբը քաղաքացիներին ինտենսիվ ձեւով գումար է բաժանում:
«Տարբեր չափի գումարի մասին է խոսքը, դե Գորիսը փոքր քաղաք է, բոլորս էլ իմանում ենք: Ամեն ընտանիքին տալիս են 30-40 հազար դրամ, դե ավելի մեծ գումարների մասին էլ խոսք չկա: Ու այս ամեն ինչը արվում է իրավապահների աչքի առաջ: Ոնց աչքերը փակեցին Էյների կատարածի վրա, այնպես էլ ընտրակաշառքի վրա են փակում, ոնց որ ոչ մի բան էլ չեն տեսել»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ հունիսի 6-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն նախատեսում է մեծ հանրահավաք-համերգ քաղաքի կենտրոնում:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար ի սկզբանե պայքարում էին չորս թեկնածու: Մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ էին ներկայացրել:




























