Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խուսանավում է այն հարցի պատասխանից, որ օրենսդրական դրույթների իրականացման համար քաղաքական կամքը երկրում բավարար չէ:
Հունիսի 5-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով սահմանադրական դատարանի նախագահի այն խոսքը, որ Սահմանադրության շատ դրույթներ դեռեւս դեկլարատիվ բնույթ են կրում իրականացման մեխանիզմների բացակայության պատճառով, չհամաձայնվեց այդ դատողության հետ՝ հակադարձելով, որ դրույթները սոսկ հռչակագրային բնույթ են կրում քաղաքական կամքի բացակայության պատճառով: «Խնդիրը օրենքների մեջ չէ, այլ դրանց իրականացման ցանկության պակասի», ավելին, գոյություն ունեցող Սահմանադրությունը ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորություն տալիս է:
Ի պատասխան, Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հարց չի հնչել, այլ ընդամենը կարծիք, որին ինքը չի ցանկանում պատասխանել: Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ չի կարելի նույնականացնել երկու հասկացությունները՝ բացառելով կամայական մեկնաբանության հնարավորությունը:
ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ վերջերս Աստանայում ստորագրած Եվասիական միության ստեղծման մասին փաստաթուղթը ըստ էության նախագահների միություն է: Այդ կապակցությամբ նա անհանգստություն հայտնեց, որ դա կարող է արտացոլվել Հայաստանի՝ խոհրդարանական համակարգի կառավարմանն անցնելու հարցի վերանայման հեռանկարի վրա:
Պատասխանելով հարցին՝ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, կառավարման հարցի շուրջ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման հանձնաժողովը վերջնական որոշում դեռ չի կայացրել: Սակայն ամեն դեպքում, նմանատիպ միությանը մասնակցությունը չի կարող արգելք լինել կառավարման համակարգի փոփոխության համար: Որպես օրինակ նա հիշեցրեց, որ խոշոր միություններում, օրինակ Ութնյակում, մասնակցում են կառավարման ոչ նախագահական համակարգ ունեցող երկրները: Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի կարծիքով, սահմանադրական իրավունքի տեսակետից այստեղ խնդիր չի կարող լինել, դա ավելի շատ քաղաքական հարց է:





























