Ռուսական Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի գործով արված փորձաքննությունների մի մասի եզրակացություններն արդեն կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը:

«Փորձաքննությունների մի մասի եզրակացություններն արդեն կան, դրանք դեպքի վայրում արված փորձաքննություններն են: Պատասխանները հիմա փաստաբանն ուսումնասիրում է, ես դեռ չեմ ծանոթացել դրանց: Ամեն դեպքում ինչքան որ ես գիտեմ, մեր ասածներին չեն հերքում այդ եզրակացությունները, իսկ մնացածի մասին կարող ենք խոսել միայն նախաքննության ավարտից հետո»,- ասաց նա:

Արամ Ապրեսյանի խոսքով՝ իրենց փաստաբանը սպասում է բոլոր եզրակացություններին, որպեսզի միջնորդություն ներկայացնեն՝ այլ փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ: Թե ինչ փորձաքննության մասին է խոսքը, սպանված կնոջ հարազատները դեռ չեն ցանկանում խոսել:

«Հիմա էլ այդ տղայի մեղսունակությունը ստուգելու մասին փորձաքննություն են նշանակել, տեսնենք՝ դրանք ինչ ցույց կտան: Մի բան հստակ է, որ մեր փորձառու փաստաբանն ամեն ինչ անելու է, որ արդար քննություն լինի: Կան բաներ, որ փորձում են թաքցնել, բայց դե մեր փաստաբանը թույլ չի տա: Թե ինչքանով է հենց այս տղան մեղավոր, դեռ չենք ուզում ոչինչ ասել, որովհետեւ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Չնայած իր մոտ ոսկի եւ գումար են հայտնաբերել, ես դեռ ոչինչ ասել չեմ ցանկանում»,- ավելացրեց Արամ Ապրեսյանը:

Նշենք, որ Նունեի սպանության մեջ մեղադրվող պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը մինչեւ դատավարության ավարտը մնալու է կալանքի տակ: Դատավարությունը սկսվելու է սեպտեմբերից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել: Հարուցվել է քրեական գործ: