2014թ. Հայաստանը երկրաջերմային նախագծի շրջանակում կարող է 10 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ ստանալ: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն է հայտնել: Նրա խոսքով, միջազգային հիմնադրամներից մեկի հետ ընթացող բանակցությունները ավարտական փուլում են գտնվում:
Բացի այդ, Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2009-12թթ. Քարքարի եւ Գրիձորի տեղամասերում (Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր), տաք ստորգետնյա ջրերի հետազոտման անհրաժեշտությունը պարզելու նպատակով, մագնիսատելուրային զոնդավորում է իրականացվել: Նախագծի արժեքը, կառավարության` 300 հազար ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորմամբ, 1,8 մլն դոլար է կազմել:
Եւս մեկ տեղամասի` Ջերմաղբյուրի համար (Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան) կրկին Համաշխարհային բանկի միջոցներով 25 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային կայանի կառուցման նախագիծ է կազմվել, որի շրջանակում 3-ական կմ երկարությամբ 6 հորատանցքեր են փորվել: Անհրաժեշտ ներդրումների ծավալը 39,1 մլն ԱՄՆ դոլար է գնահատվել, իսկ տնտեսապես նպատակահարմար սակագնի արժեքը` 1 կՎտ/ժ-ի համար` 4,5 ցենտ:
«Ներկայումս Ջերմաղբյուրում հարկավոր է հավելյալ հորատումների արդյունքում ստորգետնյա ջրերի տեղադրությունը, ինչպես նաեւ ջերմաստիճանն ու ճնշումը որոշել: Արդյունքում նախագիծը ներդրողների համար առավել գրավիչ եւ վստահելի կդառնա», - նշել է փոխնախարարը` հավելելով, որ երկրաջերմային ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի հանրապետության համար, քանի որ, ի տարբերություն մյուս վերականգնելի ռեսուրսների, անսահմանափակ ծավալով շահագործման հնարավորություն է ընձեռում:
Նշենք, որ 2013թ. Ջերմաղբյուրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել իտալական ընկերություններից մեկը:




























