Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը զարմացել է` կարդալով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը:

«Ես նմանեցնում եմ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, իսկ որ այսօր քննադատություն կա, ես զարմանում եմ: Զերծ եմ մնում գնահատական տալուց, որովհետեւ թռուցիկ եմ ուսումնասիրել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել առաջին նախագահին, նրա ժամանակ շատ լավ բաներ են եղել, նրան համարում եմ խելոք, հեռատես մարդ, սակայն նա լավ հռետոր է, սակայն այսօր գործ անելու ժամանակ է, լոկ քննադատելով հարց չի լուծվում: Կհավատայի, որ լուրջ մտածված խոսք է, եթե օբյեկտիվ գնահատականներ տրվեն: Այսինքն ասեր, որ այս, այս խնդիրները եկել են իմ ժամանակ, սակայն եթե սա անենք, որպեսզի այս խնդիրը լուծենք: Սակայն այս ամենը չի ասել առաջին նախագահը»,- այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ ժողովուրդը հասկանում է, որ Սերժ Սարգսյանը լավ քաղաքականություն է վարում, նրան պարզապես ցանկանում են վարկաբեկել:

Նշենք, որ այսօր iLur.am կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` կետ առ կետ գծելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: