Եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին հայտարարագրերի` գործատուի կողմից չընդունման կոնկրետ դեպքեր են գրանցվել, ապա անհրաժեշտ է արձագանքել դրանց: Հայտարարությունը հունիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն է հնչեցրել` ի պատասխան ակնարկի, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո պարտադիր մասհանումները շարունակական բնույթ են կրում, եւ բազմաթիվ գործատուներ հրաժարվում են պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին հայտարարագրեր ընդունել:

Պատգամավորի համոզմամբ, շրջանառվող լուրերը եւ կոնկրետ դեպքերը, որպես կանոն, բովանդակությամբ բավականին հետու են լինում միմյանցից: «Կարծում եմ` այդ տեսանկյունից ոչ մի խնդիր չի կարող լինել», - նկատել է Արտակ Դավթյանը: Ի պատասխան մեկնաբանության, թե բազմաթիվ ուսուցիչներ վախենում են պարտադիր մասհանումներից հրարաժվելու դեպքում աշխատանքը կորցնել, խորհրդարանականն ընգծել է. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նման վախ ունենա: Երբ առաջարկում ենք կոնկրետացնել դեպքերը, որպես կանոն, ոչինչ չի հաղորդվում»:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովը երկրորդ` վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագծին: 2014թ. հունվարի 1-ից հանրապետությունում ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարը ժամանակավորապես կամավոր է դարձել: Համաձայն օրենսդրական փոփոխությունների, կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար հարկավոր է մասհանումներից հրաժարվելու մասին հայտարարագիր ներկայացնել: