Սույն թվականի հունիսի 8-ին  եւ դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ  Երեւան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաեւ հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ եւ սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից  եւ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են՝

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու եւ միաժամանակ առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:

Սահմանվել եւ հետեւողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից  տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով եւ համերգային ծրագրերով:

Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը եւ երթեւեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները: