Աբխազիայի դեպքերի հարցում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի դիրքորոշումները տարբերվում են:
Գարիբաշվիլիի երեկվա հայտարարության համաձայն՝ Աբխազիայի դեպքերին Ռուսաստանի միջամտությունը պետք է հաստատել եւ վերլուծել: Ըստ նրա՝ Աբխազիայի դեպքերը կադրային ներքին վերադասավորումներ են, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը:
Միաժամանակ, Գեորգի Մարգվելաշվիլին վարչապետի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ասել է. «Իմ երեկվա գնահատականը անփոփոխ է: Ես քաղաքական մեկնաբան չեմ: Երեկ քաղաքական բարձր դեմքը հայտարարությամբ է հանդես եկել, չէ՞ որ այսօր երեկվա հայտարարությունը հնացած չէ»:
Հիշեցնենք, հունիսի 3-ին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի դեպքերը ցույց են տալիս «Ռուսաստանի ուղղակի, բաց միջամտությունը մեր քաղաքացիների կյանքին»:





























