«Իրաքի եւ Լեւանտի իսլաման պետություն» սուննիսական խմբավորման ծայրահեղականների խմբերը հարձակվել են Իրաքի Սամարրա քաղաքի վրա՝ (Բաղդադից 120 կմ հյուսիս) սպանելով նվազագույնը 6 ոստիկանի: Իսլամիստները գրավել են քաղաքի 6 շրջաններն ու արեւմյան ծայրամասերը: Դաժան մարտերում շուրջ 50 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ:
Ոստիկանության տվյալներով, սուննի խմբավորման («Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող կազմակերպություն) զինյալները վաղ առավոտյան տարբեր ուղղություններով ներխուժել են քաղաք ականանետներով, գնդացիներներով եւ թեթեւ զենքերով զինված ավտոմեքենաներով: Գրավելով մի շարք հսկիչ-անցագրային կետեր ու ոստիկանական բաժանմունքներ՝ նրանք կազմակերպել են պաշտպանության ուղիներ: Քաղաքի մի քանի կառավարական շենքերի վրա բարձրացված են իսլամիստական խմբավորման դրոշները, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:
Առավելապես սուննիներով բնակեցված Սամարրայում են գտնվում շիաների 2 պաշտելի իմամների՝ Ալի ալ-Հադի եւ Հասան ալ-Ասկարի դամբարանները: Այսօր այդ սուրբ վայրերը, ինչպես նաեւ կառավարական զորքերի շտաբ-բնակարանը Սալախուդան մարզում պահպանվում են բանակային ստորաբաժանների կողմից:





























