Կիեւի քաղաքապետի ընտրություններում հաղթանակած թեկնածուն` ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «ԼիգաԲիզնեսԻնֆորմ» գործակալության հաղորդմամբ, համապատասխան երդմնակալություն է անցել եւ քաղաքագլխի ժամանակավոր վկայական ստացել:
Ելույթ ունենալով քաղաքային խորհրդի պատգամավորների առաջ, Կլիչկոն նշել է, որ Կիեւում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն է հայտարարում: «Ցավոք սրտի, դժվար ժառանգություն ենք ստացել: Կիեւը տարատեսակ անօրինական գործամոլների ասպարեզ էր դարձել. նրանք մեր համաքաղաքացիների հաշվին իրենց գրպաններն են լցրել: Այդ ամենին պետք է վերջ դրվի: Այսօրվանից հայտարարում եմ` Կիեւ քաղաքում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն է հայտարարվում», - խոստացել է նորընտիր քաղաքապետը:
Առաջիկայում տեղական իշխանությունների գործունեության աուդիտ է սպասվում:





























