ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի հակառուսական կտրուկ հայտարարությունները անցնում են պատշաճության սահմանները եւ վկայում են նրա թուլության մասին:

«Կանանց հետ ավելի լավ է չվիճել: Բայց տիկին Քլինթոնը նախկինում եւս առանձնապես նրբազգացությամբ  աչքի չէր ընկնում: Ոչինչ, դրանից հետո մենք նրա հետ հանդիպել, զրուցել ենք միջասգային տարբեր միջոցառումների ժամանակ: Կարծում եմ՝ այս դեպքում էլ կարելի էր լեզու գտնել:  Երբ մարդիկ անցնում են պատշաճության որոշ սահմաններ, դա վկայում է ոչ թե նրանց ուժի, այլ թուլության մասին: Բայց կնոջ համար թուլություն ամենավատ հատկությունը չէ»,- ասել է Պուտինը TF1 հեռուստաալիքի եւ Europe 1 ռադիոկայանի հետ զրույցում՝ պատասխանելով Քլինթոնի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին: Վերջինս ասել էր, Ռուսաստանի գործողությունները Արեւելյան Եվրոպայում, հիշեցնում են այն, ինչն անում էր Հիտլերը Գերմանիայում 1930-ականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ի պատասխան հարցին՝ ինչպիսին էր իր առաջին արձագանքը  այդ արտահայտություններին, եւ լրագրողների մեկնաբանություններին, որ իրենք երբեք չեն տեսել Ռուսաստանի նախագահին ծիծաղելիս, Պուտինն ասել է. «Ես մի անգամ ինձ եւ ձեզ կպարգեւեմ այդ հաճույքը, միասին բազմիցս կծիծաղենք ինչ-որ կատակի վրա: Սակայն երբ լսում եմ ծայրահեղ արտահայտություններ, կրկնում եմ, տեսնում եմ, որ՝ մարդիկ այլեւս ոչ մի փաստարկ չունեն, իսկ ծայրահեղ արտահայտությունները լավագույն փաստարկը չեն»: