Այսօր՝ հունիսի 1-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել հայ միջնադարյան ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարերի վարպետ Մոմիկի ծննդյան 750-ամյակի եւ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ, որը վարել է հանձնաժողովների նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են այն բազմաբնույթ միջոցառումները, որոնք հանձնաժողովների կողմից հաստատվելիք ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում: Միջոցառումները կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումները հիմնականում կկազմակերպվեն Վայոց Ձորի մարզում` մեծ վարպետի ծննդավայրում: Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումների շրջանակում նախատեսվում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղեգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարյան ստեղծագործությունների ցուցադրմամբ, ինչպես նաեւ «Միջնադարի գլաձորյան մանրանկարչությունը եւ քանդակագործությունը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում: Նորավանքում կկազմակերպվի գիտական նստաշրջան, իսկ ավագ դպրոցներում կանցկացվի «Ինչ գիտեմ Մոմիկի մասին» շարադրությունների մրցույթ:
Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ նախատեսվում է ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ կատալոգի հրատարակում, 2011 թվականին նախատեսվում «Վարգես Սուրենյանց 150» մուլտիմեդիա խտասալիկի թողարկում, արվեստագետի նկարազարդումներով Հայկական հեքիաթների վերահրատարակում, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների հուշանվերային բացիկների հրատարակում: Առաջարկվել է սահմանել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում Վարդգես Սուրենյանցի անվան կրթաթոշակ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնել Վարգես Սուրենյանցին նվիրված գիտական նստաշրջան: Իրականացվելիք միջոցառումների շրջանակում է «Վարդգես Սուրենյանց 150» նամականիշի թողարկումը: Պատրաստվում է մեծ գեղանկարչի մասին պատմող ֆիլմը:


























