Վաղ թե ուշ Հայաստանն ատոմակայան այլեւս չի ունենա, հունիսի 5-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ նրա՝ Հայաստանն ակնկալում էր, որ Ռուսաստանը կֆինանսավորի նոր էներգաբլոկի շինարարությունը, բայց այդ հարցի շուրջ վերջնական համաձայնություն չկա: 

2013 թ. վերջին ասվել էր նաեւ, որ ռուսական կողմը Հայաստանին կարող է տրամադրել 300 միլիոն դոլար վարկ՝ ԱԷԿ-ի արդիականացման համար:  «Սակայն այժմ պարզ է դառնում, որ այդ միջոցներն էլ Հայաստանը չի ստանա: Այդպիսով,  վաղ թե ուշ հանրապետությունում շարքից դուրս կգա  հաստատված հզորության 407,5 մՎտ-ը: Սակայն մենք կկորցնենք նոր էներգաբլոկի 1060 մՎտ հզորությունը, որը, ըստ ամենայնի, չի էլ կառուցվելու: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է կանգնել էներգետիկ դեֆիցիտի առաջ», - ասել է նա:

Հիշեցնենք, սակայն, որ մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման արդյունքներով նշված վարկը ստանալու  պայմանավորվածություն է ձեռք բերվել: