Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է երկու արձանագրություն, որոնցով ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի փոխարեն պատգամավոր է նշանակվել Տիգրան Ներսիսյանը, իսկ ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանի փոխարեն՝ Վազգեն Կարախանյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Նրանց փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով, ԱԺ նախագահի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը, կազմել է նոր արձանագրություն, որով պատգամավորի մանդատը հանձնել է ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին։ Մեկ այլ արձանագրությամբ էլ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանին կփոխարինի ՀՀԿ ցուցակի հաջորդ համարը՝ Վազգեն Կարախանյանը։

Նշենք, որ ԲՀԿ-ի համամամասնական ընտրացուցակից միանգամից 21 թեկնածուներ հրաժարվել էին մանդատից: Նրանք էին Սայեն Հայրապետյանը, Գայանե Հարությունյանը, Էդիկ  Կարախանյանը, Վահան Ղոչիկյանը, Հակոբ Նազարյանը, Գրիգորի Գրիգորյանը, Արփինե Հայրապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Էդուարդ Սահակյանը, Սմբաթ Սիմոնյանը, Նազիկ Ավդալյանը, Գեղամ Նազարյանը, Նապոլեոն Ազիզյանը, Ժորա Սահաբալյանը, Մարինա Մարգարյանը, Ռուստամ Մախմուդյանը, Օվչի Ամոյանը, Սմբատ Եղիազարյանը, Գրիգոր Առաքելյանը, Զարինե Ղազինյանը և Աշոտ Ոսկանյանը: 

Հիշեցնենք՝ Մարտին Սարգսյանն օրերս նշանակվել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, իսկ Գրիգոր Գրիգորյանն էլ մայիսի 6-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Պատճառը վերջինիս առողջական խնդիրներն էին: