«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախորդ տարվա հունվարի 2-ին մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործով արդեն երրորդ դատական նիստն է՝ հարցաքննվում է գործով փորձագետ, բժշկագիտական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, մեղադրյալ, մանկաբույժ Զարինե Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ճշտող հարցեր ուղղեց փորձագետին՝ արդյոք Լիա Միսակյանի մոտ առկա 32-34 շնչառական ակտի դեպքում բժիշկը պետք է ենթադրեր, որ երեխայի մոտ թոքաբորբ է, այն դեպքում, որ նախորդ նիստին փորձագետը ցուցմունք տալիս, հղում անելով գրականությանը, նշեց, որ թոքաբորբի պարագայում 1-4 տարեկան երեխաներին մոտ շնչառական ակտը պետք է 40 և ավելի լինի:
Փորձագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ եթե շնչառական ակտը 28-ից բարձր է, դա արդեն ռիսկային է, իսկ Լիա Միսակյանի դեպքում պետք էր հաշվի առնել նաև մյուս ախտանիշները, որ առկա էին երեխայի մոտ:
«Եղել է թարախային թոքաբորբ, և միայն հաճախականության թվի վրա հիմնվելը թույլատրելի չէ: 3 օր առաջ երեխայի ջերմությունը բարձր է եղել: Սննդից հրաժարվել է, թոքերում՝ կոշտացած շնչառություն է եղել: Պարտավոր էին ուղարկել ռենտգեն հետազոտության»,-ասաց փորձագետը:
Փաստաբանի հարցերը՝ կապված երեխայի շնչառական ակտի հետ վրդովեցրին հայցվոր կողմին: Դատախազը հայտարարեց, որ իրենք ունեն համապատասխան տեսագրություն, որտեղ երեւում է, որ երեխայի շնչառությունը 50-ից ավելի է: Տուժողի հայրը՝ Գեորգի Միսակյանը նույնպես վրդովվեց. «Ջուր եք ծեծում: Ոնց որ երեխան կողքս նստած է, եկել, կապիկություն եմ անում: Բերեցինք, ասեցինք՝ կոկորդը մաքրեք, չմաքրեցիք, ասեցիք՝ չի կարելի կոկորդին կպնել՝ բարձր ջրմություն ունի: Հետո պետք չէ՞ր ռենտգեն անել: Ո՞նց հնարավոր էր՝ իմ էրեխեն 3 օրվա մեջ գնա՞ց»:
Մյուս հարցը, որ հետաքրքրում էր փաստաբանին՝ ինչպես կարող էին դիակի հետազոտության ժամանակ առանց մանրէաբանական հետազոտության պարզել, որ երեխայի մոտ թարախային նշաբորբ է:
Փորձագետը նշեց, որ իրենք այդ եզրակացությանը եկել են հյուսվածքաբանական հետազոտության միջոցով: «Հյուսվածքաբանական հետազոտությունը 100%-անոց հետազոտություն է: Նշիկը կտրել են, աչքով ուսումնասիրել են, հետո ուղարկել են հյուսվածքաբանական բաժանմունք»,-ասաց նա: Փաստաբանը շարունակեց կասկածանքով պնդել՝ չէին կարող միայն տեսնելով հասկանալ, որ թարախ է առկա, ինչին հետևեց փորձագետի դիտարկումը. «Մի մոռացեք, որ փորձագետը բժշկական կրթություն ունի: Եթե ես բժիշկ եմ, պետք է թարախն ուղղակի դեղին զանգվածից տարբերեմ»:
Փաստաբանը մատնանշեց այն, որ հունվարի 2-ին երեխայի բկանցքից քսուք է վերցվել, որի մեջ թարախ չի հայտնաբերվել: Փորձագետը բացատրեց՝ քսուքը վերցնելիս տեխնիկական միջոցներ են օգտագործվում, ինչի պատճառով էլ փորձը, հնարավոր է՝ անհաջող է եղել:
Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել էր:
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:





























