Ռուսաստանի Հարավային եւ Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջաններում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի հարցազրույցը NEWS.am-ին:
Պարոն Գոմցյան, որո՞նք են հյուպատոսության գործունեության հիմնական ուղությունները:
Ռուսաստանի Հարավային եւ Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջաններում /ք.Դոնի Ռոստով/ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատանքներ է տանում հյուպատոսական տարածաշրջանի եւ ՀՀ միջեւ առեւտրատնտեսական, հոգեւոր, մշակութային, գիտակրթական եւ այլ բնագավառներում փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ, ծրագրված բնույթ են կրում համապատասխան հանդիպումներ, աշխատանքներ Ռուսաստանի Հարավային եւ Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջանների /Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի, Հյուսիսաjին կովկասի հանրապետությունների/ գործադիր եւ օրենսդիր մարմինների, առեւտրաարդյունաբերական պալատների, տնտեսական գործունեություն վարող կազմակերպությունների, գիտակրթական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, ներկայացնում է ՀՀ օրենսդրական դաշտը նկարագրող փաստաթղթեր, ստացված գովազդային բնույթի նյութեր, ցուցանմուշներ` տարածաշրջանի կտրվածքով տնտեսական, գիտակրթական համագործակցությունը խթանելու եւ նոր կապեր ստեղծելու նպատակով: Կազմակերպում է միջոցառումներ գիտության, կրթության, երիտասարդության հետ տարվող աշխատանքների համատեքստում:
Երիտասարդությունը հոժարակամ ցանկություն է հայտնում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հարցում:
Մշտապես կատարվում են այցեր ՌԴ տարբեր սուբյեկտներ, տարբեր քաղաքներ, որոնց շրջանակներում տեղի են ունեցել տարաբնույթ հանդիպումներ տեղական իշխանությունների, բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաեւ տարածաշրջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների, հայ համայնքի, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, նկարագրվել է Հայաստանի տնտեսությունը, նրա զարգացման առանձնահատկությունները ներդրումային դաշտի առավելությունները, ներքին քաղաքական կայունությունը, քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական կապերը Հայաստանի հետ սերտացման եւ այլ հարաբերություններին առնչվող խնդիրներ:
ՀՀ գլխավոր հյուպատոսը, եւ հյուպատոսության աշխատակիցները մշտապես մասնակցում են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող միջոցառումներին, տարաբնույթ ծրագրերին /Ռոստովի միջազգային ֆորում, Կիսլովոդսկի ամենամյա տուրիզմի զարգացմանը նվիրված ֆորում, ապրիլին Կիսլովոդսկում անցկացվող «Ներդրումներ մարդու մեջ» միջազգային ֆորում/:
Հյուպատոսությունը համագործակցում է տարածաշրջանի բոլոր հայ համայնքային կազմակերպությունների հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին եւ միջոցառումներին:
Աշխատանք է տանում լրատվական միջոցների` թե` դաշնային մամուլի / «Ռոսսիյսկայա գազետա», «Իզվեստիյա», «Նոեւ Կովչեգ»/, թե` հայկական մամուլի / «Նոր Նախիջեւան», «Երկրամաս», «Ստավրոպոլի պանորամա», «Կրասնոդարի պանորամա», « Խաչքար»/, թե` քաղաքային թերթերի, ամսագրերի, ռադիոհեռուստատեսության կենտրոնների հետ:
Պարբերաբար կազմակերպում է դասագրքերի, գեղարվեստական գրքերի բաշխում մարզային, քաղաքային համայնքների, հայերեն ուսումնասիրող կրթական օջախներին:
Կարեւոր միջոցառումներ են տեղի ունեցել գիտության, կրթության, երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության համար:
Քիչ չեն ՀՀ քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել եւ դիմել գլխավոր հյուպատոսություն` ՀՀ մշտական բնակության մեկնելու նպատակով, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվել փաստաթղթերի ձեւակերպման եւ տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությամբ: Աջակցություն է ցուցաբերվում նաեւ հայ համայնքների կողմից:
Պարբերաբար կայացնում են խորհրդակցություններ, հանդիպումներ գլխավոր հյուպատոսության եւ տարածաշրջանի օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ /Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության եւ ՔԿԱԳ Հարավային դաշնային տարածաշրջանի սուբյեկտների վարչություններ եւ այլն/, որոնց ընթացքում վերոնշյալ կառույցներին ներկայացվել եւ պարզաբանումներ են տրվել ՀՀ գործող օրենսդրական ակտերի, կառավարության որոշումների վերաբերյալ:
ԶԼՄ-ների միջոցով տարվում է լայն բացատրական աշխատանք` ՀՀ քաղաքացիներին ՌԴ գործող օրենդրության վերաբերյալ: Նշված ուղղությամբ կատարած աշխատանքների շնորհիվ, ինչպես նշվեց, նվազել է Հարավային Ռուսաստանի շրջաններից արտաքսված հայերի թիվը:
Երիտասարդության հետ տարվում են բացատրական աշխատանքներ` ժամանակին փաստաթղթավորվելու անհրաժեշտության մասին: Մեր կողմից կարեւորվում է նաեւ արական սեռի, մասնավորապես, 18 տարին չլրացած երիտասարդների` ՀՀ զինված ուժերում ծառայելու, ՀՀ անձնագիր ստանալու, 27 տարին լրացած երիտասարդների` ՀՀ մեկնելու, գործող օրենքներին համապատասխան, պետական տուրքը մուծելու, անձնագրավորվելու հարցը: Հատուկ նշենք, որ գլխավոր հյուպատոսությունը հետեւողական աշխատանք է տանում երիտասարդների ՀՀ անձնագրով փաստաթղթավորվելու ուղղությամբ:
Կազմակերպված անց են կացվում քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում դիմող քաղաքացիներին համապատասխան պարզաբանումներ են տրվում փաստաթղթերի ձեւակերպման, տարամդրման կարգը:
Պահպանվում է մշտական եւ ուղղակի կապ Հյուսիսային Օսիայի իշխանությունների եւ ռուս-վրացական «Վերին Լարս» անցակետի հետ` ՌԴ-ից Վրաստան մագիստրալ ավտոճանապարհի անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով, որը ներկայումս Հայաստանի համար ունի հիմնարար նշանակություն, ինչպես ուղեւորափոխադրման, այնպես էլ բեռնափոխադրման համար: ՀՀ քաղաքացիների փաստաթղթային եւ այլ խնդիրների ծագման դեպքում, գլխավոր հյուպատոսությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն:
Արտակարգ իրավիճակների դեպքում գլխավոր հյուպատոսությունը մշտապես կանգնած է մեր քաղաքացիների կողքին, թե նրանց բուժումը, թե վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար։
Յուրաքանչյուր տարվա ընթացքում հյուպատոսության կողմից պարբերաբար /երկու ամիսը մեկ անգամ/ կատարվում են ՀՀ քաղաքացիների արտագնա ընդունելություններ Ստավրոպոլ, Կիսլովոդսկ, Վոլգոգրադ, Վլադիկավկազ, Աստրախան քաղաքներում:
Նշենք նաեւ, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիններից մեկը սկսեց «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի շահագործումը, ինչը նպաստեց քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Գլխավոր հյուպատոսությունը առաջիններից մեկն էր, որտեղ ներդրվեց կենսաչափական անձնագրերի տպագրման համակարգը եւ ս.թ. ապրիլի 28-ից հյուպատոսությունը ամբողջովին անցել է կենսաչափական անձնագրերի ձեւակերպմանը:
Ի՞նչ գործունեություն եք ծավալում Հայոց բանակը զորակոչիկներով ապահովելու ոլորտում:
Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը լուրջ գործունեություն է ծավալում Հայոց բանակը զորակոչիկներով ապահովելու ոլորտում: Մասնավորապես` Ռուսաստանի հարավային մարզերում բնակվող հայազգի երիտասարդների հետ ՀՀ անձնագրով փաստաթղթավորվելու վերաբերյալ մշտապես տարվող բացատրական հետեւողական աշխատանքների արդյունքում վերջին տարիներին Հայաստան են վերադարձել, անցել ռազմաբժշկական քննություն եւ զորակոչվել ՀՀ զինված ուժեր հազարավոր երիտասարդներ, տարեկան միջին կտրվածքով մոտ 390-440 մարդ:
Ստեղծվել է ակտիվ համագործակցական աշխատանքային մթնոլորտ հյուպատոսության, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եւ ՀՀ մարզերի զորակոչային հանձնաժողովների միջեւ: Հայաստան վերադարձող զինապարտ տարիքի ՀՀ քաղաքացիների ցուցակը ամեն տարի ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարություն: Համագործակցությունը շարունակվում է նաեւ զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո, նրանց աշխատանքի տեղավորելու կամ ուսանելու հարցում:
Ընդհանուր առմամբ քանի ՀՀ քաղաքացի է օրվա կտրվածքով սպասարկվում հյուպատոսության կողմից:
Օրվա կտրվածքով ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից սպասարկվում է մոտ 50 քաղաքացի, որոնք դիմում են ամենատարբեր հարցերով, նրանց տրվում է խորհրդատվական տեղեկատվություն ՌԴ միգրացիոն օրենսդրության, ՌԴ եւ հարակից երկրների տարածք մուտք գործելու եւ այնտեղ մնալու ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաեւ կատարվում են կոնկրետ փաստաթղթերի ընդունում եւ ձեւակերպում:
Ի՞նչ ոլորտներում է ծավալվում համագործակծությունը Ռուսաստանի հարավային մարզերի եւ Հայաստանի միջեւ:
Հյուպատոսությունը նպատակային աշխատանքներ է տանում Ռւսաստանի հարավային դաշնային տարածաշրջանի եւ ՀՀ միջեւ առեւտրատնտեսական, հոգեւոր, մշակութային, գիտակրթական եւ այլ բնագավառներում փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ:
Ռուսաստանի Հարավային մարզերի եւ Հայաստանի միջեւ համագործակցություն է ծավալվում սննդարդյունաբերության, առեւտրի, կոնյակ, գինի, հանքայն ջրեր, շինանյութեր, քիմիական արդյունաբերության ոլոտներում:
Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Հարավային եւ Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջանների /Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասի, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների/ գործադիր եւ օրենսդիր մարմինների առեւտրաարդյունաբերական պալատների, տնտեսական գործունեություն վարող կազմակերպությունների, մասնավորապես, մարզային, քաղաքային հայկական համայնքների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ներկայումս համագործակցական կապեր են հաստատվել նաեւ գիտության եւ մշակույթի բնագավառներում, գիտահետազոտական աշխատանքներում: Մասնավորապես լուրջ համագործակցական կապեր կան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռւսաստանի գիտությունների ակադեմիայի հարավային գիտական կենտրոնի, ինչպես նաեւ ԲՈՒՀ-երի /Երեւանի պետական համալսարան եւ Հարավային դաշնային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եւ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան,Երեւանի շինարարական ճարտարագիտական համալսարան, այլ ԲՈՒՀ-եր եւ կրթական հիմնարկներ/ միջեւ:
Զարգացել են նաեւ կապերը եւ ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ մարզերի, քաղաքների եւ Հարավային Ռուսաստանի մարզերի, քաղաքների միջեւ: Հաջողությամբ շարունակվում եւ զարգանում են եղբայրական համագործակցության հարաբերություննեեւը Երեւան - Դոնի Ռոստով, Կրասնոդարի երկրամասի Արմավիր - ՀՀ Արմավիր, Ստավրոպոլ - Վանաձոր, Նովոռոսիյսկ - Գավառ, Սոչի - Երեւան քաղաքների միջեւ: Համագործակցության այս ձեւն արդեն տալիս է իր արդյունքները, թե տնտեսական եւ թե կրթական ոլորտում:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սերտորեն համագործակցում է Ռոստովի, Վոլգոգրադի մարզերի, Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասի դաշնային միգրացիոն ծառայությունների հետ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կա՞ն ինչ-որ կոնկրետ ծրագրեր:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձեւավորվում եւ ստեղծվում են մարզային, քաղաքական, շրջանային հանձնաժողովներ գիտնականների, պատգամավորների, քաղաքական գործիչների մասնակցությամբ: Հատուկ նշանակություն է տրվում այլ ազգի նշանավոր քաղաքական, գիտական մշակութային անվանի գործիչների ներգրավմանը հանձնաժողովների կազմում: Մշակվում եւ հաստատվում են ծրագրեր, իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ ըստ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձաժողովի հանձնարարականների, ունենք նաեւ տեղական բազմաթիվ նածառեձնություններ, որոնք երեւան կգան ժամանակի ընթացքում։




























