Ռուսաստանը դեսպան Միխայիլ Զուրաբովին Կիեւ վերադարձնելու մասին որոշում է կայացրել: Տեղեկությունը ՌԴ ԱԳ փոխնախարար, նախարարի քարտուղար Գրիգորի Կարասինն է հայտնել:
«Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունից հետո որոշվել է, որ նա պետք է Կիեւ` իր պարտականությունների կատարմանը վերադառնա եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է Կարասինը` հավելելով, որ հիշյալ արարողության պաշտոնական մասին ավարտից հետո նախատեսված ընդունելությանը դեսպանը չի մասնակցելու:
Զուրաբովը խորհրդատվությունների նպատակով դեռեւս փետրվարի 23-ին էր Մոսկվա կանչվել: ՌԴ ԱԳՆ կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ դեսպանը «Ուկրաինայում տիրող իրավիճակի սրման եւ բազմակողմանի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության» առթիվ է հետ կանչվել:
Զուրաբովը Ուկրաինայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը 2009թ. օգոստոս ամսից է ղեկավարում:





























