Գլենդեյլի քաղաքային խորհրդի հատուկ ընտրություններում Պաուլա Դեւայնն է հաղթել. հայազգի թեկնածուն` Վարդան Գարպետյանը, երկրորդ տեղում է: Հաղթանակած թեկնածուն խորհրդի անդամ Ֆրենկ Կինտերոյին ընդամենը 10 ամսով կփոխարինի. այնուհետեւ նա ստիպված է լինելու մեկ անգամ եւս քարոզարշավ մղել` կառույցի երեք տեղերից մեկը զբաղեցնելու համար:
«Glendale News-Press» թերթի հաղորդմամբ, ընտրությունների արդյունքում Պաուլա Դեւայնը 5111 ձայն է ստացել, կամ` քվեարկությանը մասնակցածների 34 տոկոսի քվեն: Վարդան Գարպետյանին 3338 ձայն է բաժին հասել (22 տոկոս), իսկ ահա Ռիկ Բարնսի օգտին քվեարկել է 3141 ընտրող (21 տոկոս): Մնացած քվեները հետեւյալ կերպ են բաշխվել` Շահե Քերօղելյան` 2071 ձայն (14 տոկոս) եւ Մայք Մոհիլլ 1508 ձայն (10 տոկոս):
Պաուլա Դեւայնը հունիսի 30-ին` քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո հանրային ծառայության կանցնի: Չնայած կարճ ժամանակահատվածին, նա բազմաթիվ նպատակներ է իր առջեւ դրել: Մասնավորապես քաղաքային խորհրդի նոր անդամը մտադիր է Գլենդեյլի ոստիկանության դեպարտամենտի հետ համագործակցությամբ հետիոտների եւ հեծանվորդների անվտանգությանն ուղղված հավելյալ միջոցառումներ իրականացնել, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնում տրանսպորտի միջոցների կուտակումների հարցի լուծել:





























