Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Հայրապետի եւ պապի միջեւ տեղի ունեցած առանձին հանդիպումից հետո նրանք ուղեւորվել են Վատիկանի մեծ սրահ, որտեղ նրանց էին սպասում կարդինալներ, եպիսկոպոսներ եւ Արամ Առաջինի այցելության առիթով սփյուռքի գաղութներից ժամանած բարերարներ ու  գործիչներ։

Արամ Առաջինն իր խոսքում անդրադարձել է Միջին Արեւելքի տագնապահարույց վիճակին եւ եկեղեցու կյանքին: Նա խոսել է նաեւ Հայոց Ցեղասպանության մասին։ Նա հիշեցրել է Ցեղասպանության հետեւանքները եւ Սփյուռքի կազմավորումը։ «Հայ ժողովուրդը ոչ միայն մեկուկես միլիոն նահատակ տվեց, այլեւ կորցրեց իր եկեղեցիները եւ մշակութային ու հոգեւոր արժեքները, հետեւաբար, ցեպասպանության ճանաչումը եւ հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է»,- նշել է նա։

Ֆրանցիսկոս պապը իր ուրախությունն է հայտնել Արամ Առաջինի հետ հանդիպման կապակցությամբ, նշել է, որ հայրապետը երկար տարիներ գործուն մասնակցություն է բերել միջեկեղեցական շարժմանը: Ֆրանցիսկոս պապը նաեւ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը եւ հիշել, որ հայ ժողովրդի պատմությունը լեցուն է եղել հալածանքներով եւ նահատակությամբ:

Հոգեւոր առաջնորդները նվերներ են փոխանակել, ապա մասնակցել ճաշի: