ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով է ներկայացվել մոտ 40 դիմում-բողոք, որոնց մեծ մասը վերաբերում է առողջական խնդիրներին։

Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, հանձնաժողովի առաջին նիստին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խորհրդական, հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը։

«Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հասարակական խորհրդի անդամներ, նաեւ ՊՆ իրավաբանական ծառայության ներկայացուցիչ, հանրապետական զինկոմիսարիատի ներկայացուցիչ, Առողջապահության նախարարությունից բժիշկ-փորձագետ, ինչպես նաեւ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը։ Մեր հանձնաժողովի կազմը պարբերաբար թարմացվում է։ Նպատակն է ընդլայնել քաղաքացիների բողոքարկման հնարավորությունը, ստեղծել ազատ պայմաններ, որ նրանք անկաշկանդ ներկայացնեն իրենց բողոքները, մենք էլ  շատ պատասխանատու կերպով վերաբերվենք այդ դիմումներին»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հանձնաժողովի գործունեության հաջողությունը պայմանավորված է նրանով, որ բողոքները քննվում են զորակոչիկների եւ ծնողների ներկայությամբ։

«Նրանք հնարավորություն ունեն իրենց գանգատները ներկայացնելու, իսկ առողջական առանձին խնդիրների հետ կապված մենք հնարավորություն ունենք տեղում զննել՝ որքանով է արտահայտված այդ առողջական խնդիրը։ Այս առումով հանձնաժողովն առանձնահատուկ է եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովից հետո միակ մարմինն է, որը նաեւ մասնագիտական կարծիք է տալիս իր միջնորդությունների ժամանակ, այսինքն՝ մենք նաեւ մեր տեսակետն ենք հայտնում այս կամ այն դեպքի մասին»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ծնողները հիմնականում գոհ են, բայց կան դեպքեր, երբ նրանց չի բավարարում հանձնաժողովի որոշումը. «Որովհետեւ եթե դեպքը երեխայի առողջական վիճակին է վերաբերում, ծնողը մի քիչ էլ սուբյեկտիվ է վերաբերվում, մենք օբյեկտիվ ենք գնահատում»։

Հանձնաժողովը աշխատելու է մինչեւ զորակոչի ավարտը՝ հունիսի 24-26-ը։

Հանձնաժողովը նաեւ զբաղվում է արդեն զորակոչված, բայց առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների ծնողների դիմում-բողոքներով։

Հունիսի 5-ին հանձնաժողովը 10 դիմում ուսումնասիրելուց հետո 9-ի դեպքում կրկնակի բուժզննման անհրաժեշտություն գտավ, մերժեց միայն մեկը։