Հայաստանում գիտության վերաբերյալ առաջիկա տարիների համար մշակված հստակ քաղաքականություն չկա։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարզազրույցում ասաց Երեւանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պատվական Ոսկանյանը` ավելացնլով, որ անհրաժեշտ է գիտության համար մշակել կոնկրետ քաղաքականություն։

«Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը՝ ի դեմս կառավարության, ասի, թե ինչ է ուզում այսօր գիտնականից»,- ասաց Ոսկանյանը՝ ավելացնելով, որ հարցի հստակ ձեւակերպումը կարող է խթանել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի որ գիտնականների համար հստակ կլինի առաջիկա տարիների համար իրենց խնդիրն ու անելիքը, եւ արդեն հնարավոր կլինի կոնկրետ խնդիրների լուծման համար նպատակաուղղված աշխատել միասին։

«Հակառակ պարագայում գործարարները արտասահմանից բերում են արտադրական հոսքագծեր եւ դրանցով աշխատում, իսկ հայ գիտնականների գյուտերը այդպես էլ մնում են անարձագանք եւ չեն կիրառվում»,-ասաց Ոսկանյանը՝ ավելացնելով, որ ոչ մի մասնավոր ներդրող չի ցանկանում ներդրում անել, իսկ բանկից գումարներ չեն տալիս, քանի որ իրենց կարգավիճակը անհասկանալի է, իսկ սարքավորումներն արդեն հին են: