Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը պատասխանել է երկրի խորհրդարանի անդամ Ֆիլիպ Կալտենբախի` Թուրքիայի տարածքից Սիրիայի Քեսաբ քաղաքի ուղղությամբ իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում փախստական դարձած հայերի դրության մասին հարցմանը: Արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Ֆրանսիան հետեւում է իրադրությանը եւ ուշադիր է լինելու հայերի ճակատագրին, գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
«Տարածաշրջանում տիրող իրադրությունն իսկապես որ մտահոգիչ է: Ֆրանսիան զգացմունքային վերաբերմունք ունի պատերազմի կրակի մեջ հայտնված հայրենի քաղաքը ճարահատյալ լքած մարդկանց աղետալի վիճակի նկատմամբ: Մենք դատապարտում ենք միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների` Սիրիայում ոտնահարման բոլոր դեպքերը եւ կողմերին` առաջնահերթ` գործող ռեժիմին քաղաքացիական անձանց պաշտպանությունն ապահովելու կոչ անում:
Թե էթնիկ, եւ թե կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պետք է հարգանքի արժանանան: Մենք դա առանձնապես Սիրիայի ազգային կոալիցիայի համար ենք շեշտում, որը տեղի ունեցածի առթիվ ի սկզբանե պարտավորություններ է ստանձնել եւ Քեսաբի շրջանում հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր ուժերի մոբիլիզացում է նախաձեռնել` հայկական պաշտամունքային շինությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Կարեւոր է հստակ տարանջատում մտցնել մեր աջակցությունը վայելող մեղմ ընդդիմության եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ, որոնց կողմից ձեռնարկված գործողությունները դատապարտանքի են արժանի եւ մեր կողմից հակազդեցության են հանդիպում: Ֆրանսիան դեռեւս 2013թ. մայիս ամսին է «Ջեբհաթ ան-Նուսրա» ճակատը ՄԱԿ-ի` «Ալ-Քաիդայի» դեմ ցանկում ներառելու նախաձեռնությամբ հանդես եկել: Մենք մոբիլիզացնում ենք ուժերը` Սիրիայի ժողովրդին եւ մասնավորապես` հայերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Չնայած իրադրության մասին տեղեկությունների հասանելիությունը դժվարությամբ է ապահովվում, համոզված եղեք, որ Ֆրանսիան անընդհատ հետեւում է Քեսաբում տիրող իրադրությանը եւ ուշադիր է լինելու սիրիահայերի ճակատագրին»,– պատասխանել է Լորան Ֆաբիուսը:





























