Հարություն Սարգսյանը չի սպանել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածին` Կարեն Եսայանին, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ չի հիմավորվել անգամ այն, որ նա ճանաչել է Վարդան Ղուկասյանի դստերը՝ Մանյային։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով իր բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Կարեն Եսայանին սպանելու համար եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն օրինական չէ, քանի որ գործով լիարժեք քննություն չի անցկացվել, կան բազմաթիվ ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտումներով։ Պաշտպանը ներկայացրեց դատարանին այն ապացույցները, որոնք առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով դրանք անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդությունները, կցել է քրեական գործին։

Ըստ պաշտպանի՝ Կարեն Եսայանի մեքենայի զննությունը կատարվել է անօրինական ձեւով, մեքենան չի եղել կնքված, հետեւաբար յուրաքանչյուրը կարող էր իրեղեն ապացույցները կեղծել։

«Մամուլում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ մեքենայի մոտ կան կանգնած շատ անձիք, իսկ մեքենայի դռները բաց են։ Ակնհայտ է, որ միջամտություն հանգիստ կարող էր լինել։ Երբ կարդում ենք մեքենայի զննության մասին արձանագրությունը, իրենք ասում են՝ ավտոտնակի դռները ապակնքեցինք, իսկ ավտոմեքենայի դռները ապակնքելու մասին ոչինչ չեն ասում, որովհետեւ չեն կնքել, ի՞նչը պետք է ապակնքեին։ Ինչպես կարող են դրանից հետո ավտոմեքենայի մեջ եղած բոլոր ապացույցները համարվել օրինական։ Բացի դրանից ապացույցները առգրավելուց հետո պատշաճ կերպով չեն փաթեթավորվել եւ կնքվել։ Նաեւ մենք հարցում ենք անցկացրել, եւ այդ խուզարկությանը մասնակցած ընթերականներից մեկը ասել է, որ ինքը չի եղել զննության ժամանակ»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ անթույլատրելի ապացույց պետք է համարվի նաեւ Հարություն Սարգսյանի կոշիկների տակի հողի փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ հողի հատկանիշները համապատասխանել են սպանության վայրի՝ Գյումրիի «Մայր Հայաստան» կոչվող տարածքի հողի հատկանիշներին: «Միայն մեկ հատկանիշներով են այդ հողերը համապատասխանել, հողագիտական լիարժեք փորձաքննություն չի կատարվել, որպեսզի պարզվի, թե մյուս տեղերում, որտեղ գտնվել է Հարությունը, համապաստասխանո՞ւմ է այն նույն հողին, որը եղել է կոշիկի տակ, այդ հողերը փորձաքննության չեն ենթարկվել։ Հնարավոր է, որ Գյումրիի տարածքի բոլոր հողերն իրենց մորֆիոլոգիական հատկանիշներով համընկնեին։ Եթե անգամ նա հանցագործություն կատարեր, այդ սպանության վայրի հողը նրա կոշիկը տակ չէր կարող հայտնաբերվել, որովհետեւ նա դրանից հետո բազմաթիվ վայրերում է եղել, եւ կոշիկի տակ պետք է հայտնաբերվեին նաեւ մյուս տեղերի հողերը։ Ինչպե՞ս եղավ, որ հենց «Մայր Հայաստանի» հողը մնաց Հարություն Սագսյանի կոշիկների տակ: Թե՞ նա սպանությունից հետո կոշիկները հանել է, ձեռքը բռնած ոտաբոբիկ գնացել մյուս վայրերը, ապա ոստիկանության մուտքի մոտ հագել կոշիկները»,- ասաց փաստաբանը: Լուսինե Սահակյանը կշարունակի իր բողոքը ներկայացնել հաջորդ դատական նիստին՝ հունիսի 27-ին: